Կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կնոջ պատմություն. Սոնա Շահնազարյան

_mg_3295
Ես 58 տարեկան եմ: Ունեմ ամուսին, 3 աղջիկ, 3 թոռնիկ: Զավակներս ամուսնացած են: Արդեն 16 տարի աշխատում եմ որպես դայակ: Առօրյա կյանքում զբաղված եմ երեխաներով. օրվա մեջ 25 ժամ թե՛ իմ թոռների հետ, թե՛ աշխատանքի վայրում: Երեխաների հետ լավ ա շատ: Որ իրենք չլինեին, շատ բաներ ծանր կտանեի: Իրենց հետ միշտ մոռանում ես, չես զգում, զբաղվում ես, թեթևանում ես: Հետո հենց ազատ ժամ եմ ունենում, արդեն մեծ երեխաներիս ենք կանչում, հավաքվում ենք իրար գլխի: Ջղայնանում ենք, նեղվում ենք, նեղանում ենք մեր երեխաներից, բայց դե… նրանք մեր երեխաներն են:

Վերջերս ընկերուհուս հետ էի խոսում: Ասացի, որ ընդհանրապես պետք ա հոգեբան հիվանդանոցներում, իսկ նա, չընկալելով իրավիճակի նրբությունը, ասում էր, որ հոգեբանի կարիք չի տեսնում: Ասեցի, որ պատկերացնի ինքն իրեն 10 տարի առաջ՝ կուրծքը հեռացրած (դե ինքը կրծքի պլաստիկա ա արել վերջերս, հիմա անընդհատ ասում ա՝ «բացեմ նայեք»): Ասեցի. «Հլը գնա ուրիշներին տես ընդեղ [հիվանդանոցում] ու տենց մի ասա, հլը մի հատ նորից կրկնի ու լսի ինքդ քեզ: Թող քեզ չթվա, թե էդ քո ասածով ինձ աջակցեցիր… ամեն դեպքում լավ բան չես ասում: Հիշում ես, որ էն ժամանակ՝ 8 տարի առաջ, ասացիք, որ անպայման գնամ՝ ինձ կարգ տան: Գնացի, ընդեղ 3 հոգով էին նստած: Մի տղամարդ ասաց, որ էդ [կուրծքը] անհրաժեշտ օրգան չի, ձեռքի նման չի… ու դա ասողը տղամարդ էր»:

%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%afՍովորել էի, որ կինը պետք ա պարբերաբար ինքնազննում անի: Մի օր լողանալիս ջրերը շուտ անջատեցին: Միանգամից եռման ջուր եկավ: Ես դեռ օճառված էի: Որ ձեռքս սեղմելով տարա մարմնիս վրայով, որ օճառր մաքրեմ, ձեռքիս տակ մի բան զգացի: Տաք ջրից էր երևի մեծացել: Չորանալիս նորից ձեռք տվեցի, էլի կար: Գնացի խելոք նստեցի հեռուսացույցի դիմաց: Կես ժամից մարմինս հովացել էր. շոշափեցի ու զգացի, որ բացահայտ ինչ-որ բան կա: Որոշ ժամանակ անցնելուց հետո ասացի, որ բան եմ շոշափում, և ամուսինս միանգամից ինձ տարավ հիվանդանոց: Այնտեղ սոնոգրաֆիա արեցին, պարզվեց, որ կրծքիս մեջ կիստաներ կան, դեղեր նշանակեցին: Կանոնավոր չէի խմում:

Հետո աղջկաս ընկերուհին մի օր ձեռքիցս բռնեց ու տարավ մամոգրաֆիա անելու: Մի անգամ անելուց հետո, բժիշկն ինչ-որ բան տեսավ և առաջարկեց երկրորդ անգամ անել (դե մամոգրաֆիան ցավոտ պրոցես ա, կուրծքդ սեղմում են), hամաձայնվեցի: Սակայն մինչ այդ արգանդս նայեց հետո վահանագեղձս և ասեց, որ նորմայի մեջ են: Մամոգրաֆիայից հետո գնացի պունկցիա անելու: Պիտի մի շաբաթից գնայի պտասխանը ստանալու, սակայն չգնացի: Ժամանակն անցնում էր, երեխաներս անընդհատ հիշեցնում էին, որ գնայի: Ի վերջո, միջնեկ աղջիկս գնաց՝ քաղցկեղ էր: Նա պատմեց ընտանիքիս: Իրենք ամբողջ օրը սուգ էին անում, բայց ինձ չէին ասում: Մի օր ավագ աղջիկս և իր ընկերը եկել էին ինձ աշխատանքից տուն բերելու: Ճանապարհին նա խոսքի մեջ բերանից թռցրեց, որ ես քաղցկեղ ունեմ: Չհավատացի, բայց մի տեսակ եղա: Չհասցրեցի գիտակցել կամ հասկանալ… դե հլը ոչ մի բան չկար… կարայի մի քիչ… ուռուցքը մի քիչ մեծանար… էնքան արագ էդ ամեն ինչը եղավ: Կուզենայի, որ ինձ հանգիստ թողնեին: Ես գիտակցեի, ինքս որոշեի: Իրենք որոշեցին, իրենք արեցին: Ընդհանուր առմամբ մի քիչ ջղայն էի: Կուզենայի, որ նստեին մի հատ ինձ հետ, խորհրդակցեին, հարցնեին, թե ես ոնց եմ ուզում, ինչ եմ ուզում անել: Իսկ իրենք մտածում էին, որ եթե մի օր ուշ վիրահատվեի, չգիտեմ ինչ կլիներ: Բայց հաստատ բան չէր լինի, եթե մի ամիս, երկու ամիս սպասեինք: Առաջին հերթին ես մի հատ կզգայի, կգիտակցեի:

Հետո միանգամից տարան հիվանդանոց: Ինձ ուղորդեցին բժիշկի մոտ, ով կներկայացներ վիրահատության ծավալը: Ես չհասկացա, թե ինչ է նշանակում վիրահատության ծավալ: Բժիշկը բացատրեց, որ որոշ դեպքում կարող են հեռացնել կրծքի մի մասը, սակայն հիվանդությունը կարող է կրկնվել, և հնարավոր է՝ կարիք լինի կրկնակի վիրահատության: Ես ասացի, որ այդքան փող չունեմ ամեն 6 ամիսը մեկ վիրահատության համար վճարելու: Համաձայնեցի, որ կուրծքս ամբողջությամբ հեռացնեն: Անոթների խնդիր ունեի նաև: Բժշկի առաջարկով մեկ անզգայացմամբ երկու վիրահատություն արեցին՝ և՛ կուծքս, և՛ անոթներս:

%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af-2Վիրահատությունից հետո հիվանդանոցում ամեն ինչ նորմալ էր: Պետք էր ձեռքի վարժություններ անել հետվիրահատական վերականգնման համար: Վարժություններ անելուց ես 5 էի ստանում, ամենալավը ես էի անում: Մյուս կանանց հետ մեր պրոբլեմը տենց չէինք էլ քննարկում: Նենց տպավորություն էր, որ ոչ մեկս պրոբլեմ չունի: Ութերորդ օրը դուրս գրվեցի:

Իմ բարեկամներից ոչ ոք չգիտեր: Վիրահատվելուց հետո նոր իմացան, ջղայնացան, նեղվեցին, որ չեմ ասել: Մորաքրոջս աղջկա ամուսինն ասել էր իրեն, որ ինքը  կգժվեր, եթե նրա կուրծքը հեռացնեին: Այսինք՝ ստացվում ա, որ տղամարդու համար էլ ա դժվար: Դու մտածում ես ոնց անես, իրա մասին ես մտածում, իրա համար էդ սթրեսային ա, շոկային ա, չէ՞: Իմ բախտից ամուսինս էլ շատ խիզախ տարավ էդ ամեն ինչը: Մի քիչ երեխեքս ոչ խիզախ տարան, բայց դե հետո ես էնքան զավզակություն, կապիկություն արեցի, որ ընդունեցին, որ տենց պիտի լիներ:

Երեխեքի ոչ խիզախ լինելն այն էր, որ օրնակ, փոքր աղջիկս անընդհատ լացում էր, ամեն անկյունում մտնում լացում էր: Ես չէի լացում, ես որ լացեի՜… Ուղղակի ճնշումս բարձրացավ էդ ժամանակ, տախիկարդիա սկսեց: Հիմա էլ փոքր աղջկաս համար եմ լացում [հուզված]: Ուղղակի փոքր աղջիկս մի ուրիշ ձև ա՝ ավելի զգայուն ա, էն մյուս աղջիկներս երևի էդքան չէին մտածում կրծքիս չլինելու մասին, քան փոքր աղջիկս… փոքր էր, բայց ավելի շատ էր մտահոգվում: Սկզբի ամիսներին երազ էի տեսնում, որ ինձ ասում էին, թե չպետք ա վիրահատեին ինձ, կարող էին չկտրել կուրծքս, ու զարթնում նստում էի, ասում էի, թե ինչու ինձ վիրահատեցիք, կարող էիք բուժել: Ամուսինս հանգստացնում էր:

_mg_3294

Մեծ աղջիկս հետս էր, երբ կարերը հանելուց հետո առաջին անգամ լողանում էի: Որ բացեցինք վիրակապը, երկուսիս մոտ կիսաուշագնաց վիճակ էր: Աղջիկս փորձում էր ինձ հանգստացնել, բայց ինքն էլ էր վատ: Ամենաահավորը այն պահն էր, երբ տեսա վերքը. կիսաբաց էր, դեռ մինչև վերջ չէր կպել: Կուրծքս չկար, ու էդ ահավոր բանն էի տեսնում փոխարենը: Ինձ համար այս ամենի մեջ ամենադժվարը հենց այս պահն էր: Ոչ մեկին ցույց չեմ տվել: Հնարավոր է, որ ընտանիքիս անդամները վերջերս հագուստս փոխելիս տեսել են , բայց նպատակային ցույց չեմ տվել: Ինձ թվում ա՝ իրենք շոկ կապրեն…

Ահավոր նյարդայնանում եմ, որ չեմ կարողանում էնպես անել, որ համաչափ լինի: Ծանոթներիցս իմացա, որ կարելի է կտավատի սերմով պարկ սարքել: Ինչքան փորձում էի կարել, չէր ստացվում: Որոշեցի զուգագուլպայի մեջ լցնել կտավատը և էդպես սարքել, քանի որ այն ավելի ճկուն է: Հիմա ավելի լավ է ստացվում ստեղծել համաչափություն, նույնիսկ ընկերուհիներիս առաջարկում եմ գուշակել, թե որ կուրծքս են վիրահատել: Որ էդ պարկը չդնեմ, դե սիրուն չի, համ էլ լավ չի մեջքի համար: Որ քայլում եմ (դե գիտեմ որ շատ-շատ կանայք վիրահատված են), նայում եմ կանանց, ուզում եմ հասկանալ, թե ով ա վիրահատված, ով՝չէ: Դեռ լավ չեմ կարողանում հասկանալ, երևի բոլորը ինձ նման լավ քողարկում են: Սկզբնական շրջանում (մի քանի տարի) աշխատանքի տեղը քնելիս չէի հանում կրծկալս ու պարկը: Դա, իհարկե, շատ անհարմար է, քանի որ բացի նրանից, որ կրծկալով քնելն անհարմար է, նաև պարկն է շատ ծանր (մի կիլոյի չափ): Քո սեփական կրծքի ծանրությունը չես զգում, բայց դա օտար մարմին է և իրեն զգացնել է տալիս: Վիրահատությունից հետո նկատեցի, որ թևատակից քիչ ներքև կրծքի հեռացումից հետո մնացել է մսի ավելորդ հատված, որը մինչ օրս անհարմարություն է պատճառում: Լավ կլիներ, որ վիրահատությունից առաջ նախազգուշացնեին, որ նման բան կարող է լինել, որ ես հնարավորություն ունենայի ընտրություն կատարելու:

_mg_3287

Ընտանիքս կողքիս էր: Վիրահատության ժամանակ միջնեկ աղջիկս արտասահման պիտի գնար, չէր ուզում, բայց պնդեցի, որ գնա: Առաջին մի շաբաթը մեծ աղջիկս էր մոտս: Փեսեքս բա՜: Դե էդ ժամանակ դեռ փեսա չէին: Շատ նորմալ իրենց պահեցին, չգիտեմ՝ աղջիկների հետ քննարկել են, թե չէ, բայց ինձ հետ իրենց ճիշտ էին պահում:

Ութ տարի ա՝ ես իմ էս մասը [ձեռքով ցույց է տալիս թևատակից մինչև կուրծք ընկած հատվածը] չեմ զգում: Անընդհատ ցավում ա: Եղանակը փոխվելիս ցավում ա, անընդհատ ծակում ա: Լողանալիս որ կպնում եմ, ամեն անգամ փշաքաղվում եմ. շատ անդուր ա: Պարկելիս շատ ա ցավում, ձեռքս ու մատերս են թմրում, էդ շատ ա նյարդայնացնում, ջղայնացնում: Մեջքս էլ ա ցավում: Մինչև պարկում եմ, մինչև հարմար դիրք եմ գտնում, տանջվում եմ: Փորձում եմ միշտ աշխատացնել ձեռքս: Մեկ-մեկ իսկապես ուզում եմ նվնվալ, բայց որ նվնվամ, ընտանիքս կսկսի անհանգստանալ, կհավաքվեն գլխիս ու կստիպեն, որ հոգ տանեմ իմ մասին:

Էդ հիվանդանոցում մամոլոգիայի երկու հարկ կար: Ամուսինս ասում էր, որ կարծես կանանց ցեղասպանությունը այստեղ լինի: Չեք պատկերացնի, թե ինչքան կանայք են գալիս ու հերթագրվում՝ տեղ ու դադար չկա: Բժիշկները ու քույրերը իրենք իրենց գործը անում են: Բայց շատ մարդիկ կան, որ իրոք կարիք ունեն, որ մեկը իրենց հետ խոսի: Ո՞նց կարելի ա մարդուն վիրահատել ու չխոսել:Եթե բժիշկը ժամանակ չունի, պետք է, որ մեկը լինի, որ խոսա, հանգստացնի: Կարող ա ամուսինների հետ ա պետք խոսալ նաև, չգիտեմ: [Ո՞վ պետք է լինի այդ մարդը] Հոգեբանը:

Կուրծք ա, չունենք, շատ վատ ա, շատ նյարդայնացնում ա, բայց կյանքը շարունակվում ա, չպետք ա կախվեմ դրանից, չպետք ա մտածեմ, որ ես երկրորդ կարգի մարդ եմ, ինչ-որ բաներ դադարեմ անել: Չնայած հա, մի բան չեմ անում՝ բուրդ չեմ չփխում: Ամեն ինչ կարողանում եմ անել: Շատերը չեն էլ հիշում: Որ հանդիպում ենք, չեն ասում՝ վայ Սոնան վիրահատվել ա: Ավելի շատ հոգեպես ես վատ զգում:

Կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կնոջ պատմություն. Սվետա Կալաջյան

Ես 67 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 տղա, 6 թոռնիկ` հինգը աղջիկ են և մեկը` տղա: Տղաներիցս մեկը իր ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում, իսկ մյուսները ապրում են այստեղ` Երևանում, ես ապրում եմ ամուսնուս հետ: Ծնվել եմ 1949 թվականին Աբխազիայում, ընտանիքս բաղկացած էր 5 անդամից՝ հայրս, մայրս, երկու եղբայրներս և ես:
Մեր ընտանիքում ոչ ոք չէր ստեղծագործում, միայն մայրիկս էր սիրում զբաղվել ասեղնագործությամբ, երևի դա էլ փոխանցվել է ինձ, որ ես էլ սկսեցի զբաղվել գոբելենագործությամբ: Երեք տարի սովորել եմ նկարչական դպրոցում: Իմ առաջին ուսուցիչը, ով նկարիչ էր, ինձ համար շատ ոգեշնչող է եղել: Նա միշտ ինձ ասում էր. «Դու պետք է գնաս Հայաստան ու սովորես նկարչության ուղղությամբ»:
17 տարեկանում տեղափոխվել եմ Երևան և 20 տարեկանում ընդունվել Գեղարվեստի ինստիտուտի Տեքստիլ բաժինը, որն ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել գոբելենագործությամբ:

Սիրում եմ զբաղվել իմ աշխատանքով` գոբելենագործությամբ, բայց հիմա առօրյաս անցնում է թոռնիկների հետ ժամանակ անցկացնելով: Իրենք են գալիս, մենք ենք գնում իրենց տեսակցության, թոռնիկներին տանում ենք դպրոց և բերում, երբեմն էլ նորից գործում եմ, բայց ավելի փոքրիկ աշխատանքներ եմ անում, քանի որ այն ժամանակվա նման պատվերներ չկան: Փորձել եմ նաև թոռնիկներիս, նույնիսկ հարսիս սովորեցնել գոբելեն գործել: Պետք է ցանկանաս գործել, պետք է հետաքրքրի, եթե չհետաքրքրեց, պարտադրաբար չես կարող գործել. դա նաև համբերություն է պահանջում:
_mg_1148

Չգիտեմ՝ ինչքանով հաճելի կլինի ուրիշի համար, երբ ես խոսեմ սեփական հիվանդությանս մասին, բայց ամեն դեպքում… Մեկ տարի առաջ կուրծքս շոշափելով ինչ-որ գնդիկներ զգացի, ինչ-որ ցավեր էին լինում: Երբ որ հանգիստ էի լինում, ոչնչով չէի զբաղվում, այդ ժամանակ ավելի շատ էր ցավում, հանգիստ չէր տալիս, իսկ ցերեկը, որ աշխատում ու չէի կենտրոնանում ցավի վրա, այդքան չէր ցավում:

Բայց ես կարողացա շուտ կողմնորոշվել, շուտ վիրահատվել, որ չխորանա այդ ամեն ինչը: Ժամանակին պետք է անել ամեն ինչ: Այդ պահին մի քիչ քեզ կորցնում ես, բայց հետո կարողանում ես քեզ հավաքել և դիմել միջամտության: Երկար չեմ մտածել. միանգամից գնացել եմ ստուգվելու և անմիջապես վիրահատվել: Պետք է հեռացնել և վերջ, ես ժամանակ չունեմ շատ մտածելու` այստեղ գնա, այնտեղ գնա, ավելի լավ է շուտ հեռացնել ու պրծնել, քանի որ ինչքան հետաձգում ես, այդքան ավելի ուշ է լինում ինչ-որ բան անելու համար: Ու՞մ մոտ պետք է լացես, եթե լացես, դրանից չես բուժվի: Լացել ուզում ես երբեմն, հատկապես երբ մենակ ես մնում, ոչ ոք կողքիդ չի լինում, այդ ժամանակ կարող ես մի քիչ լացել, այդ ժամանակ վերհիշում ես այն ամենը, ինչ եղել է քո կյանքում մինչև հիվանդանալը, հիշում ես նաև այն հարազատներին, որ հիմա արդեն չկան, մահացել են: Դե պարզա, լավ հույզեր չեն, հատկապես, որ մտածում ես՝ երիտասարդներն էլ են դրանից մահանում. դա չես ուզում լինի…

14 տարի տղաս իր ընտանիքով չէր եկել ԱՄՆ-ից, ու ես հենց այն ժամանակ իմացա հիվանդության մասին, երբ նրանք որոշել էին գալ Հայաստան հանգստանալու: Ինձ համար շատ դժվար էր, գերադասեցի, որ իրենք չիմանան հիվանդությանս մասին, որ չփչացնեմ իրենց հանգիստը: Գնալուց հետո իմացան: Երբ հեռվից են իմանում, քեզ համար ավելի հեշտ ա, քանի որ երբ կողքիդ են լինում, խառնվում են իրար: Այս հիվանդության դեպքում նույնիսկ երեխաներդ չեն կարող օգնել քեզ, մի բան էլ հակառակը, իրենց ներկայությունից ավելի ես լարվում:

_mg_1174

Բուժման ընթացքը նորմալ էի տանում: Գնում ստանում էի քիմիան ու գալիս տուն: Երբեմն ճնշումս էր բարձրանում, բայց ես թեթև տարա. դա հիվանդության այն աստիճանը չէր: Դժվարությունը միայն կապված էր մամոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, պունկցիա անելու և արյան ընդհանուր հետազոտություններ անելու հետ: Այսպես ասած «ինքնաներշնչանքը» մեծ ազդեցություն է ունենում: Օրինակ` դեռևս դպրոցական տարիքից շատ էի վախենում նույնիսկ մատից արյուն վերցնելուց: Իսկ երբ արդեն հղի էի, մի անգամ քրոջս հետ գնացել էի պոլիկլինիկա մատից արյուն հանձնելու: Քանի որ քույրս նույն արյան կարգն ուներ, ինչ ես, խնդրեցի իրեն գնալ իմ փոխարեն: Ես շատ էի վախենում: Մինչ քույրս իմ փոխարեն արյուն էր հանձնում, ես հիվանդանոցի բակում ներշնչանքից վատացել էի, գրեթե ուշաթափվել: Այդ աստիճանի վախենալու էր ինձ համար նույնիսկ մատից արյուն հանձնելը: Բայց երբ իմացա, որ քաղցկեղ է, այդ ժամանակ չգիտեմ թե ոնց (զարմանում եմ ինձ վրա) կարողացա նույնիսկ վիրահատվել, չորս կուրս քիմիա ստանալ: Ուստի կարծում եմ, որ երբ մարդն ինքն իրեն ներշնչում է, որ վատ է լինելու, այդպես էլ կլինի, բայց նաև կարող ես լավը ներշնչել:

 

_mg_1156Իսկ վիրահատությունից հետո սկսեցի ավելի շատ աշխատել, որ շատ չխորանամ, շատ չմտածեմ: Սկսել էի հին գոբելեններիս վերանորոգումներից: Նաև ունեի էսքիզներ ու ֆոտոնկարներ նախկին աշխատանքներից, որոնք վաճառվել էին, սկսեցի նորից գործել այդ ֆոտոնկարներով, որպեսզի էսքիզները չկորչեն, որոշ մասը գործում էի և նվիրում: Բայց վիրահատությունից հետո ավելի փոքր տրամաչափի գործեր էի անում: Այդ աշխատանքները ինձ լավ աջակցում էին:

 

_mg_1168

Այս ճապոնական ոճով կարմիր գոբելենի վրա սպիտակով փորձել եմ գործել եղբորս երեխաների անվան տառերը:

Դժվարություններ մի քիչ կային վիրահատությունից հետո, չգիտեի՝ ինչ դնեմ կրծքի փոխարեն, ոնց անեմ, որ դատարկ չլինի: Ամեն դեպքում մի փոքր էսթետիկ չէ, անհավասար է լինում, հաճելի չէ, մյուս կողմից էլ անպայման մի փոխարինող բան պետք է դնես, որպեսզի ողնաշարի խնդիրներ չլինեն: Հիմա ամեն ինչ նորմալ է, նորմալ եմ զգում, որոշեցի կտավատի սերմերով պարկ պատրաստել, դա էլ դնում եմ: Ուղղակի երբ արհեստական կուրծքը դնում ես, դա արդեն ստիպում է նորից հիշել դրա մասին:

Ինձ համար ամենադժվար պահն այն էր, երբ իմացա ախտորոշումը. չգիտես, թե դու ով ես, ինչ պիտի անես, բայց երբ հերթականությամբ սկսում ես անել հետազոտություններ, բուժումներ, վիրահատություն, ամեն ինչ իր տեղն է դասավորվում: Ճիշտ է, քեզ պահի տակ կորցնում ես, չգիտես բարորակ ա, չարորակ ա, բայց գիտես, որ ինչ էլ լինի, դա լավ բան չի, դրա համար էլ պահի տակ քեզ կորցնում ես: Բայց մի բան անելու մասին պետք է մտածել որքան շուտ, այդքան լավ: Երբ արդեն գիտես՝ ինչ քայլեր պետք է անես, արդեն տագնապը իջնում է:
Ինձ համար մեծ աջակցություն էր ամուսնուս` իմ կողքին լինելը: Ախտորոշումից սկսած ամուսինս հետս է եղել, ու առաջինը իրեն եմ ասել հիվանդության մասին: Բուժման ողջ ընթացքում ևս ամուսնուս հետ եմ գնացել հիվանդանոց: Առանց իրեն շատ դժվար կլիներ ամեն ինչ, իր հետ էի մի քիչ կարողանում կիսվել:

Վիրահատությունից հետո մեկ տարի անց գնացել էի Սանկտ Պետերբուրգ ստուգվելու: Ես կարողացա այնտեղ հանգստանալ: Երբ երեխաներիդ չես տեսնում, հեռու ես, պատասխանատվությունը թուլանում է: Այնտեղ եղբայրներս և իրենց երեխաները, հարսներս, ոչ հարազատ քույրերս իմ կողքին էին, երևի դա էլ շատ օգնեց:

Որպես հիվանդություն վերապրած կին, խորհուրդ կտայի երբեք հույսը չկորցնել և միշտ ժամանակին դիմել բժշկի, ժամանակին հաղթահարել այդ հիվանդությունը: Մարդու կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, դե քաղցկեղն էլ նույնպես փորձություն է, որը հնարավոր է հաղթահարել: