Ինչ է Պալիատիվ Խնամքը

15555091_1308305529243382_1197894494_n

Հեղինակ՝ Լուսինե Ղարիբյան

Պալիատիվ բժշկությունը կարևոր մաս է կազմում մարդկանց առողջության խնամքի, հիվանդության հիմնական ֆիզիկական ախտանիշների և հոգեբանական գանգատների բարելավման գործում՝ ցուցաբերելով հիվանդակենտրոն մոտեցում: Դա նշանակում է, որ հիվանդի կողմից կարող է արտահայտվել հետևյալ մտքերը.

       “Ես կարիք ունեմ, որ իմ բժիշկը բացատրի ինձ, լինի մեղմ, կիսի իր փորձը և ուղղորդի ինձ ոչ միայն բուժման մեջ, այլև իմ հույզերում։ Ես կարիք ունեմ, որ բժիշկս քննարկի ինձ հետ հնարավոր մահվան նկատմամբ իմ անհանգստությունները և գտնի բուժման հնարավոր այլ տարբերակներ, որոնց մասին ես տեղյակ չեմ, քանի որ առանց նրա, ես նույնիսկ չգիտեմ, որտեղ փնտրեմ։ Ես  ցանկանում եմ նաև ազատ զգալ՝ խոսելով նրա հետ՝ փորձելով բուժման այլընտրանքներ՝ առանց վախի, առանց բժշկի վրդովմունքի կամ արհամարհանքի, որը կարող է խաթարել իմ հույսը կամ ոգևորությունը կամ փչացնել հարաբերությունները, մեր պատկերացումները և իմացիությունը։ [6; էջ16]

Պալիատիվ խնամքը ճանաչում է, որ հիվանդի ֆիզիկական ախտանիշները չեն կարող ամբողջությամբ հասկացված լինել` առանց արժևորելու և ընդունելու հիվանդի  հուզական, հոգեբանական և սոցիալական գործոնները։ Դա նշանակում է, որ պալիատիվ խնամքում կենտրոնական գաղափարը մարդկային, անհատական մոտեցումն է թերապեւտիկ համակարգում։ Այսինքն` այս մոտեցման հիմքում ընկած են հետևյալ գաղափարները`

  • Յուրաքանչյուր մարդ եզակի է։
  • Առողջությունը վերականգնելու համար կարևոր է հաշվի առնել անձի գիտական, գեղարվեստական, ոգեղենության և այլ ընկալումները, որոնք կարիք ունեն միասին կիրառվելու ապաքինման գործում:
  • Կյանքը ունի արժեք  և նպատակ, որը յուրովի է: Սակայն կյանքի իմաստի զգացման կորուստը կարող է անդրադառնալ առողջությանը։
  • Հիվանդության նկատմամբ պատկերացումների վերակառուցումը կարող է հանգեցնել մեր կյանքում դրական փոփոխության և վերջինիս իմաստավորման։

Հետևաբար պալիատիվ խնամքը ունի անհատականացված մոտեցում, ինչը մեծագույն նշանակությամբ դրված է ոչ միայն ախտորոշման հիմքում, այլև հիվանդության զարգացման ողջ հետագծի ընթացքում: Այսինքն` կարևորվում է, թե  ինչպես են բուժումները, հիվանդության ախտանիշները ազդում հիվանդի վրա անհատականապես և նրա կյանքի որակի վրա։ [6;  էջ 452, 453- 469]

Պալիատիվ խնամքում  կարևորվում են նաև հետևյալ ստրատեգիաները ՝ էքզիստենցիալ հարցեր, կյանքի որակի բարելավում, ոգեղենության հարցեր, հիվանդության ախտանիշների և նրանց հետ կապված բուժման ընդունման հարցեր, նախապատրաստում մահվան ընդունմանը, ինչպես նաեւ այն գաղափարը, որ իրական հույսը կարող է կազդուրել մարդուն։

“National Consensus Project (NCP)”-ի կողմից,  ԱՄՆ-ում որակյալ պալիատիվ խնամքի համար, սահմանվել են 8 տարբեր դրույթներ, որոնք նույնպես ներառվում են WHO-ի պալիատիվ խնամքի սահմանման մեջ։ Վերջիններս կազմում են պալիատիվ խնամքի կառուցվածքը և գործընթացները, որոնք հետևյալն են՝

  1. Խնամքի ֆիզիկական դրույթներ
  2. Հոգեբանական և հոգեբուժական
  3. Սոցիալական
  4. Մշակույթային
  5. Կրոնական
  6. Հոգևոր և էքզիստենցիալ
  7. Մահվան սպառնալիքով հիվանդների խնամքի
  8. Խնամքի էթիկական և օրինական, իրավական դրույթները։ [4]

Ինչպես փաստում են նաև փորձագետները, պալիատիվ խնամքի մոտեցումը կարող է և պետք է հասանելի լինի նաև հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում՝ հասցեավորելով հիվանդների կարիքներին։ Քանի որ նրանք անցնում են որոշակի հոգեբանական պրոցեսներով՝ ընդունելու համար իրենց կանխատեսումները հիվանդության զարգացման ողջ ընթացքում։ Եւ փաստորեն նրանք ավելի շատ են ունենում ապրումներ՝ հոգեբանական դիսթրեսի, դեպրեսիայի և տագնապային խանգարման հետ կապված, երբ նրանք քիչ իրազեկված են իրենց հիվանդության կանխատեսումների մասին և հնարավորություն չունեն քննարկելու, ընդունելու այն։ Մինչդեռ ովքեր  ակտիվ դեր են վերցնում սովորելու, իրազեկվելու հիվանդության մասին, կարողանում են նախապատրաստվել և մշակել ակտիվ քոփինգ մեխանիզմներ՝ նվազեցնելով հիվանդությամբ պայմանավորված հոգեբանական դիսթրեսը։

 

Պալիատիվ մոտեցման դերը քրոնիկ հիվանդությունների խնամքի գործում

Իսկ ինչ վերաբերվում է պալիատիվ մոտեցման դերին` քրոնիկ հիվանդությունների խնամքի գործում, ապա նշենք, որ ինչպես փաստում են ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնների, նաև Համաշխարհային առողջապահության վիճակագրական տվյալները,

քրոնիկ հիվանդությունները բնութագրվում են անորոշ կանխատեսումներով, երկար տևականությամբ և սթրեսով։ Քրոնիկ հիվանդությունները՝ ինչպիսին են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, կաթվածը, քաղցկեղը, թոքերի քրոնիկ, օբստրուկտիվ հիվանդությունը, երիկամների անբավարարությունը, արտրիտները ամենատարածված, ծանրագույն և գերակշռող առողջական խնդիրներն են, որոնք պատճառ են դառնում անկարողունակության և մահվան, ուստի կարիք ունեն պալիատիվ խնամքի։ [3]։ Կարևոր նշանակություն ունի նաև ցավի խնդիրը, քանի որ ցավը առավել տարածված և առավել դժվար ախտանիշներից է, որի հետ բախվում են պալիատիվ խնամքի կարիք ունեցող հիվանդները: [ 11։ 1; էջ 10-14]

Murrey եւ այլոք գտնում են, որ պալիատիվ խնամքի ծառայությունները շարունակում են նվազեցնել բազում մարդկանց զարգացող քրոնիկ հիվանդությունները՝ խթանելով հիվանդի նախաձեռնողականությունը ստանալու համար ամբողջական խնամք, ինչպես նաև մատուցում արդյունավետ գործիքներ՝ ցավի մեղմացման, ախտանիշների բարելավման և էքզիստենցիալ բարեկեցության համար։ Քանի որ համապատասխան միջամտությունների բացակայության դեպքում կյանքի որակը անբարենպաստ է դառնում, ախտանիշները ավելի ծանր ու բարդ են թվում [2

15555894_1308031005937501_814350936_n

Կանադայի Առողջության և երկարաժամկետ խնամքի նախարարության կողմից ներկայացվեց չափանիշներ, թե ինչպես է հնարավոր պալիատիվ մոտեցումը ընդգրկել քրոնիկ հիվանդությունների զարգացման տարբեր աստիճաններում և փուլերում։ [5: 9]: Համաձայն որի՝

  1. Երբ հիվանդությունը առաջին անգամ է ախտորոշվել, անձը հնարավորություն ունի խոսել ինչ որ մեկի հետ իր հիվանդության մասին, իր հիվանդության զարգացման կանխատեսումների մասին, նաև քննարկելու, թե ինչ տեսակի խնամք է ցանկանում, որին համահունչ էլ անհրաժեշտ է զարգացնել խնամքի պլանը։
  2. Հիվանդության զարգացման ամբողջ հետագծի ընթացքում անձը պետք է ստանա հոգեսոցիալական և հոգևոր աջակցություն, հնարավորություն ունենալով վերանայելու իր նպատակները և խնամքի պլանը։
  3. Հիվանդության զարգացման հետ կապված անձը կարող է կարիք ունենալ ցավի և այլ ախտանիշների կառավարման։
  4. Քանի որ հիվանդության մոդիֆիկացված բուժումը դառնում է ավելի քիչ արդյունավետ, անձը պետք է ստանա ավելի մասնագիտացված պալիատիվ խնամքի ծառայություններ՝ նվազեցնելու համար հիվանդությամբ պայմանավորված ապրումները և բարելավել կյանքի որակը։
  5. Երբ քրոնիկ հիվանդությունը գտնվում է զարգացման ավելի ուշ փուլում կամ արդեն հասել է տերմինալ փուլին, անձը պետք է ստանա կյանքի ավարտի խնամք։

Հետևյալ մոդելում, որը զարգացվել է օնկոլոգիական համակարգի շրջանակներում, համաձայն որի, հիվանդների կուրատիվ բուժման մեջ պալիատիվ մոտեցման ներդնումը կամ նրանց տեղափոխումը հոսփիսային խնամքին, ուղղված է հիվանդության վրա կենտրոնացվածությունից անցում կատարել դեպի խնամքի վրա առավել շեշտադրմամբ: Այսինքն` պալիատիվ մոտեցման ներդնումը կուրատիվ բժշկության մեջ օգնում է բարձրացնել հիվանդների  հարմարավետության և կյանքի պահպանման գործառույթը, ինչպես նաև խթանում հիվանդի ակտիվ նախաձեռնողականությունը բուժման ընթացքում՝ կախված նրանց կարիքներից և նպատակներից:

15536626_1308019629271972_1391333003_o

Այսպիսով, հիմնավորելով պալիատիվ մոտեցման ինտեգրումը քրոնիկ հիվանդությունների խնամքի գործում, դա ընդունումն է նրան, որ այդ մարդիկ հաճախ ունենում են հիվանդության զարգացման երկարատև հետագիծ և այդ ժամանակի ընթացքում կարող են ունենալ  մի շարք համալրված սոցիալական և հուզական կարիքներ՝ ներառելով մեկուսացումը, նվազեցված անկախություն, ինքնուրույնություն և ընտանիքի անդամների շրջանում ավելորդության զգացում։

15595892_1308019725938629_1303771716_o

Ընդ որում հիվանդները հաճախ հասնում են կյանքի տերմինալ փուլին՝ չունենալով ֆիզիկական և սոցիալական հասանելի ռեսուրսներ, որն առաջադրվում է պալիատիվ խնամքի միջոցով` նվազեցնելով հիվանդի և նրա խնամակալների խնդիրները, որոնք պայմանավորված են հիվանդությամբ։ [7; 9]

Եվ վերջում, ինչպես նշում են Glare & Virik, պալիատիվ մոտեցման ներդրումը բուժման մեջ, դա նշանակում է`

լսել և պատասխան հակազդում տալ հիվանդի և նրա ընտանիքի ցանկություններին, կարիքներին, քննարկել բուժման ընտրության հնարավորությունները, գնահատել և նվազեցնել ախտանիշները, զարգացնելով ընտանեկան աջակցությունը և համակարգելով խնամքը ամբողջ բուժական միջամտությունների ընթացքում։ [8]

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. “Палиативная помощь взрослым и детям”: Организация и профессиональное обучение: Сборник документов ВОЗ и ЕАПП. Москва-2014. (10-14, 24-27, 68-75)
  2. Carmel MM. Chronic disease and illness care: adding principles of family medicine to address ongoing health system redesign. Can Fam Physician 2012
  3. Centers for Disease Control (CDC). Chronic disease and health promotion (accessed 2012). http://www.cdc.gov/chronicdisease/overview/index.htm
  4. Clinical Practice Guidelines For Quality Palliative Care. National Consensus Project For Quality Palliative Care. 2nd edn. 2009
  5. Effiong A., I. Effiong “Palliative Care for the management of chronic illness։ systematic review study protocol” – 2012, April: Perelman school of Medicine, University of Pennsylvania, Philadelphia; New Castle, Delaware, USA.
  6. Faull Ch., Yv. H. Carter, L. Daniels “Handbook of Palliative Care” .(pg. 16-43, 452- 469)
  7. Fitzsimons D, Mullan D, Wilson JS, Conway B, et al. The Challenge of Patients’ Unmet Palliative Care Needs in the Final Stages of Chronic Illness. Palliative Medicine. 2007 Jun.
  8. Glare PA & Virik K. Can We Do Better in End-of-Life Care? The Mixed Management Model and Palliative Care. Medical Journal of Australia. 2001 Nov.
  9. Jean Bacon “Integrating a Palliative Approach into the Management of chronic, Life- Threatening Diseases” ; Who, How and When? http://www.hpcintegration.ca
  10. “Palliative Care for all. Integrating Palliative Care into Disease Management Frameworks”- 2008, Joint HSE and IHF repirt of the extending access study. ( pg.32-64)
  11. Preventing Chronic diseases a vital investment. WHO. Switzerland. www. who.int\chp\chronic diseasese report\en\ (pg. 32-58)