Մելանոման` 21-րդ դարի չարիք

3Մելանոման 21-րդ դարի չարիքներից մեկն է, սակայն շատերը նույնիսկ տեղյակ չեն այդ հիվանդության գոյության մասին: Այն չարորակ ուռուցք  է, որը զարգանում է հատուկ բջիջներից՝ մելանոցիտներից, որոնք արտադրում են մելանին կոչվող գունանյութը: Ուռուցքի անվանումը գալիս է հունարեն  Μέλας – “սև” բառից, քանի որ այն հիմնականում լինում է մուգ սև գույնի:  Մելանինը նորմայում կա բոլոր մարդկանց  մաշկի մեջ, տարբեր խտությամբ, ինչով էլ պայմանավորված է մեր մաշկի գույնը, սևամորթների մոտ ավելի մեծ քանակությամբ, սպիտակամորթների մոտ՝ հակառակը:

Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների՝ աշխարհում տարեկան  հայտնաբերվում է ավելի քան 160 հազար  մելանոմայի դեպք, և տարեկան  գրանցվում է մոտ 48 հազար  մահվան դեպք: Ինչ վերաբերվում է  Հայաստանին,  2009-2013 թթ-ի ընթացքում hայտնաբերվել է 265 դեպք և հիվանդության հետևանքով մահացել է 150 մարդ: Մարդկային կորուստների հիմնական պատճառը բարձիթողի դեպքերն են, երբ բժշկությունը այլևս անզոր է լինում օգնել:

Մելանոման մեծ մասամբ տեղակայվում է մաշկի վրա, հատկապես իրանին և ստորին վերջույթներին, սակայն երբեմն հանդիպում է նաև նրա լորձաթաղանթային տարատեսակը, որի դեպքում ախտահարվում են ստամոքսաղիքային ուղու (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիներ), ինչպես նաև միզասեռական ուղիների լորձաթաղանթները:  Համեմատած մաշկի մնացած ուռուցքային հիվանդությունների հետ մելանոման ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն այն համարվում է ամենավտանգավորն ու ագրեսիվը և ունակ է տարածվել ամբողջ օրգանիզմով մեկ` թոքեր, ոսկրեր, լյարդ, գլխուղեղ և նույնիսկ սիրտ: Այս հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են տղամարդիկ, ընդ որում,  առավելապես 50տ. անց անձիք, սակայն այն կարող է նաև հանդիպել երիտասարդների մոտ: Ամենաբարձր հիվանդացությունը նկարագրվում է Ավստրալիայում: Դրա պատճառն այն է, որ Ավստրալիայի բնակչության գերակշռող մասը սպիտակամորթ է և ուստի ադապտացված չէ  տեղի բնակլիմայական պայմաններին՝ ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Նվազագույն հիվանդացությունը դիտվում է Աֆրիկյան մայրցամաքում:

Հիվանդության առաջացման համար վտանգավոր ռիսկի գործոններն են համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթները, ընդ որում, դա վերաբերվում է ինչպես բնական արևային ճառագայթների տակ գտնվելուն, այնպես էլ «սոլյարիներին», որոնք վերջերս չափից ավելին մոդաիկ են դարձել, հատկապես երիտասարդ կանանց շրջանում: Զարգացած շատ երկրներում, գիտակցելով այդ սարքերի քաղցկեղ առաջացնելու վտանգը,  աստիճանաբար հրաժարվում են դրանցից, մինչդեռ զարգացող երկրներում դրանք լայնորեն կիրառվում են մարդկանց կողմից ինֆորմացված չլինելու հետևանքով, ինչը բերում է մելանոմայի և մաշկի քաղցկեղի այլ տարատեսակների առաջացման ռիսկի կտրուկ աճի:  Նևուսները (ժողովրդի մոտ տարածված են որպես «խալեր»), սպիտակ մաշկը, բաց գույնի աչքերը, շիկահեր մազերը և բազմաքանակ պեպեններ ունենալը, ինչպես նաև մաշկի տարբեր բարորակ հիվանդությունները, հետայրվածքային սպիական փոփոխություններն ու ժառանգական նախատրամադրվածությունը (ընտանեկան դեպքերը) նույնպես դասվում են ռիսկային գործոնների թվին: Այդ է պատճառը, որ կանխարգելման մեջ մեծ կարևորություն է տրվում արևային ճառագայթներից խուսափելուն, հատկապես ժ1100– ժ1600ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև արևից պաշտպանող պարագաների օգտագործմանը՝ ակնոցներ, քսուքներ, անձրևանոցներ և այլն:

Մելանոման ժամանակին հայտնաբերելու համար պետք է պարբերաբար կատարել մաշկի և տեսանելի լորձաթաղանթների ինքնազննում, ինչի ընթացքում պետք է ուշադրություն դարձնել ինչպես նոր, այնպես էլ հին խալերին, որոնք փոփոխվել են ժամանակի ընթացքում: Գոյություն ունի ABCDE դասակարգումը, որը օգնում է ճանաչել վտանգավոր գոյացությունները: Ըստ այդ դասակարգման՝ «խալը» համարվում է վտանգավոր, եթե առկա է A-Assimetry` ասիմետրիա, B-Borders` անհարթ եզրեր, C-Colour`գույնի փոփոխություն (անհամասեռ գունավորում), D-Diametr` տրամագիծի մեծացում, E- Evolving`փոփոխականություն վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Բացի այդ, կարող է լինել նաև քոր, ցավ, խոցոտում, արտադրություն, խալի մակերեսից մազաթափություն, հանգուցային գոյացություն և այլն:  Նշված ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ օնկոդերմատոլոգի, որը զբաղվում է մաշկային նորագոյացություններով համապատասխան հետազոտություններ անցնելու նպատակով: Բուժման հիմնական մեթոդը ուռուցքի վիրահատական հեռացումն է, դեղորայքային բուժումը, որն իր մեջ ներառում է քիմիաթերապիան, իմունաթերապիան, վերջերս ի հայտ եկած թիրախային բուժումը և  ճառագայթային թերապիան  օգտագործվում են  տարածված պրոցեսների դեպքում: Վաղ ախտորոշումը որոշիչ դեր ունի բուժման հետագա ընթացքի վրա: Եթե առաջին փուլում 5-ամյա ապրելիությունը կազմում է մոտ 95 %, ապա չորրորդ փուլում այն ընդամնեը 8 % է:

Հետաքրքիր ինֆորմացիա:

Հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունը բարձրացնելու նպատակով  2013թ.-ի մայիսի 11-ին Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան «Global Shapers» միության հետ միասին կազմակերպեցին Մելանոմային և նրա վաղ ախտորոշմանը նվիրված ակցիա, որն ուներ «Պայքար Մելանոմայի դեմ» անվանումը: Այդ օրը պատահական չէր ընտրվել: Հայտնի է, որ լեգենդար ռեգգի-երաժիշտ Բոբ Մառլին մահացել է հենց մելանոմայից 1981թ.-ի մայիսի 11-ին ընդամենը 36 տարեկան հասակում: Այդ իսկ պատճառով էլ այդ օրը  հռչավել է  Համաշխարհային Մելանոմայի օր: Ակցիան իր մեջ ներառում էր կոնֆերանս՝ կազմակերպված Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի և Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի կողմից, որտեղ քննարկվել է Մելանոմայի ախտորոշման, բուժման և կանխարգելման արդիական խնդիրները: Գիտաժողովին ներկա են եղել ուռուցքաբաններ, մաշկաբաններ, վիրաբույժներ և այլ մասնագետներ: Բացի գիտական մասից, մայիսի 11-ին կազմակերպվեց նաև համերգ Բոբ Մառլիի հիշատակին «Bob’s» փաբում «Chigapo» խմբի և DJ Վակցինայի մասնակցությամբ, որն այնուհետև լուսաբանվել է մամուլում և հեռուստատեսությամբ: Նման միջոցառումների շարքը դարձավ ամենամյա ավանդույթ, որն այս տարի ևս կշարունակվի իր  թե´ գիտական, թե´ մշակութային մասերով:

Ինչպես վկայում են ուռուցքաբան-մաշկաբանները լուսաբանման հետևանքով հիվանդների բժիշկներին դիմելու հաճախականությունն ավելացել է, որի շնորհիվ հայտնաբերվել են բազմաթիվ նոր դեպքեր վաղ շրջանում: Դա հետևանք է իրազեկված լինելու, ինչին էլ մենք ձգտում էինք….

Լիլիթ Հարությունյան

Հայաստանի Երիտասարդ Օնկոլոգների խմբի (YՕgA) նախագահ 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s